. .

< Բեզոարյան այծ (Capra aegagrus aegagrus)

Հայկական մուֆլոն (Ovis orientalis gmelini)


Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ կաթնասուններ

Կարգ՝ երկսմբակավորներ

Ենթակարգ՝ որոճողներ

Ընտանիք՝ սնամեջ եղջերավորներ

Ենթաընտանիք՝ այծեր

Ցեղ՝ ոչխարներ

Տեսակը՝ Հայկական մուֆլոն

Բնութագիրը

Անդրկովկասյան լեռնային ոչխար, սնամեջ եղջյուրավորների ընտանիքի վայրի ոչխար:

Մարմնակազմվածքը սլացիկ է, կենդանի զանգվածը՝ ոչ մեծ: Արուների մարմնի երկարությունը 130-135 սմ է, մաքիներինը՝ 105-120 սմ, մնդավի բարձրությունը համապատասխանաբար՝ 85-90 և 70-80 սմ, կանդանի զանգվածը՝ 50-60 և 35-45 կգ: Արուներն օժտված են խոշոր եղջյուրներով, որոնք, ձգվելով դեպի մնդավ, կազմում են շրջան: Մաքիները հիմնականում անեղջյուր են: Մազածածկը կոպիտ է, կարճ, բաց շագանակագույն՝ քստամազից և աղվամազից կազմված: Հասուն արուների մեջքին կա սպիտակ թամբանման նշան:


Տարածումը և բնական միջավայրը

Էդեմիկ տեսակ է, ունի սահմանափակ տարածում: Մինչև 20-րդ դարի սկիզբը տարածվածության շրջանն ընդգրկվել է Հայկական լեռնաշղթայից մինչև Արագածի ստորոտները: Տարածված է նաև Նախիջևանում և Հյուսիսարևմտյան Իրանում: Այժմ կանգնած է անհետացման վտանգի եզրին: Առանձնյակները ոչ մեծ խմբերով (մինչև 7-8 գլուխ) հանդիպում են Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, Խոսրովի անտառ արգելոցում:

Ապրում է լեռնային չոր տափաստաններում, գիհու, նշենու և այլ չորասեր բուսականության առկայությամբ (Ուրծի լեռնաշղթա), ենթալպիան և ալպիական մարգագետիններում(Վայոց Ձոր և Սյունիք): Գերադասում են կիրճերի, ժայռաբեկորների և նման այլ տեղամասերի հետ համակցված բաց բիոտոպերը 1000-3000 մ բարձրություններում: Հայաստանում մուֆլոնն ապրում է մշտապես` ձմռանը չքոչելով, իսկ տարվա տաք եղանակներին դիտվում է արուների ներհոսք Նախիջևանի կողմից: Մուֆլոնը պարբերաբար կատարում է ուղղահայաց միգրացիաներ. ձմռանը` դեպի նախալեռներ, ամռանը` դեպի բարձունքներ:

Վարքը

Բնակվում են լեռնային լանդշաֆտներում: Էգերն ապրում են 100 առանձնյակից կազմված խմբերով, իսկ արուները` միայնակ:

Ապրում է 12-14 տարի:

Սննդակարգը

Սնվում է բուսական կերերով՝ հացահատիկային բույսեր, բանջարեղեններ, խոտաբույսեր, թփեր, տերևներ և այլն:

Բազմացումը

Զուգավորումը տեղի է ունենում նոյեմբերի վերջից մինչև դեկտեմբերի սկիզբը: Հղիությունը տևում է 5-6 ամիս: Ձագերը (սովորաբար, զույգ) ծնվում են մայիսի կեսերից մինչև հունիսի սկիզբը: Մայրերն առաջին ծինում ունենում են 1, հետագայում՝ զույգ ձագեր

Պահպանման կարգավիճակը

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: