. .

< Budgerigar (Melopsittacus undulatus)

Տափաստանային ճուռակ (Buteo rufinus)


Գիտական դասակարգում

Թագավորություն՝ կենդանիներ

Տիպ՝ քորդավորներ

Դաս՝ թռչուններ

Կարգ՝ բազեանմաններ

Ընտանիք՝ ճուռակներ

Ցեղ՝ Իսկական ճուռակներ

Տեսակը՝ Տափաստանային ճուռակ

Բնութագիրը

Ճուռակների ընտանիքի թռչուն է: Նստակյաց է, քիչ տարածված: Մարմնի երկարությունը 50-65 սմ է, թևերի բացվածքը՝ 126-148 սմ, կենդանի զանգվածը՝ 0,8-1 կգ: Հասունի գունավորումը փոփոխական է, մեծ մասի փորը սովորաբար մուգ է, պոչը՝ առանց զոլերի, դաստակաբիծը մուգ, խոշոր, առաջնային փետուրների հիմքում կա սպիտակ խոշոր հատված: Բաց գույնի փետրավորմամբ անհատների գլուխը բաց գույնի է, փորը, ազդրերը, թևատակի ծածկող փետուրները շիկակարմրավուն են, մեջքը՝ շիկակարմիր-դարչնագույն: Մուգ գույնի փետրավորմամբ անհատների փետրածածկը սևավուն է, պոչը՝ հավասարաչափ զոլավոր, թափահարող փետուրները՝ սպիտակավուն հիմքով: Երիտասարդը նման է հասունին, պոչը թույլ զոլերով է, երկրորդային փետուրներին հետին եզրի ցայտուն շերտը բացակայում է: Որսի ընթացքում հաճախակի կանգ է առնում օդում:

Տարածումը և բնական միջավայրը

Բնակվում է լեռնատափաստաններում, ժայռերի վրա, գյուղատնտեսական տարածքներում: Տափաստանային ճուռակների բաց գույնի փոտրավորմամբ անհատները տարածված են ՀՀ հարավային շրջաններում, իսկ մուգ գույնի անհատները՝ ՀՀ հյուսիսային շրջաններում: Հաճախ զոհ է դառնում որսագողերի կրակոցներին: Պաշտպանության կարիք ունի: Գչանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Վարքը

Ձվադրման պատրաստ բները հայտնվում են ապրիլի առաջին տասնօրյակից: Բույնը ճյուղերից հյուսված հարթակ է: Բնադրում է ժայռերի քիվերին, ճեղքերում և խորշերում՝ 4-13 մ բարձրություններում:

Սննդակարգը

Հիմնականում սնվում է կրծողներով՝ դաշտամկներ, սողուններով, այլ մանր կենդանիներով:

Բազմացումը

Դնում է 60 մմ տրամագծով, սպիտակ՝ դարչնագույն և կարմրավուն վրձնախազերով 3-5 ձու: Ձագերը հայտնվում են մայիսի սկզբից: Երբեմն բնում զարգացող ձագերի միջև նկատվում է հանիբալիզմի երևույթը՝ ձագերից մեկը զոհ է դառնում մյուսների հարձակումներին: Դա նպաստում է նաև ձագերի թվաքանակի կենսաբանական կարգավորմանը: 

Պահպանման կարգավիճակը

Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր գրքում <<Քիչ վտանգված>> (Least Concern) կարգավիճակով: