Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Video Detailed ViewՄանրամասներ

25.03.2013

Երևանի կենդանաբանական այգու կենդանիներն արդեն ունեն իրենց բումմեր գնդակներ


Օրերս Երևանի կենդանաբանական այգին կենդանիների համար արտերկրից 8 այսպես կոչված բումմեր գնդակներ է ձեռք բերել: Այս հատուկ գնդակները հանդիսանում են խաղալիքներ Ասիական փղի, գետաձիու Ամուրյան վագրերի, հովազի, ընձառյուծի, արջերի և այլ կենդանատեսակների համար: Բումմեր գնդակները պատրաստված են այնպիսի նյութից, որն անվնաս է կենդանիների համար:

Արդեն մեկ և կես տարի է, ինչ Երևանի կենդանաբանական այգում իրականացվում է կենդանիների զբաղվածության ծրագիր, որի շրջանակներում և ձեռք բերվեցին Բումներ գնդակները: Այս ծրագրի արդյունքում, այգու կենդանիների վարքն ավելի է ակտիվացել: Այգու աշխատակիցները փորձում են տարբեր կերպ կազմակերպել կենդանիների զբաղվածությունը: Այս կերպ փորձ է արվում կենդանիների վարքն ավելի մոտեցնել բնությանը.-‹‹Առաջին անգամ զբաղվածության մեթոդները կիրառվել են կենդանիների կերակրման ժամանակ, օրինակ վագրերի ազատավանդակում գետնից 4 մետր բարձրության վրա մետաղյա կեռիկից կախվում է միս: Սկզբից Ամուրյան վագրերը դժվարանում էին թռիչք անել, սակայն կարճ ժամանակ անց արդեն հաղթահարեցին այդ փորձությունը: Նրանք արդեն հեշտությամբ են ձեռք բերում իրենց հասանելիք միսը››,-բացատրում է կենդանաբանական այգու գլխավոր անասնաբույծ Աննա Ասատուրյանը: Յուրաքանչյուր կենդանու համար զբաղվածության տարբեր ձևեր են կիրառվում: Ցանկացած կենդանու, թռչնի, սողունի մոտ 3 շաբաթը մեկ անգամ են կրկնվում նույն խաղերը, որպեսզի նրանք երկար ժամանակ տրամադրեն իրենց կերի հայթայթման համար՝ կատարելով մտավոր և ֆիզիկական աշխատանք -‹‹Ամուրյան վագրերի մոտ սնունդը թաքցնելու նպատակով օգտագործում ենք եղևնու ճյուղեր, միսը դնում ենք դդմի, արկղի, ձյան բուրգի մեջ, իսկ Բենգալյան վագրի մոտ՝ պարկի մեջ խոտ ենք լցնում և կախում մետաղյա զսպանակից›,- նշում է գիտամեթոդական բաժնի աշխատակից Արփինե Շահբազյանը:

Գիշատիչների բաժնի վարիչ Յունոնա Խանզադյանը նույնպես նկատել է կենդանիների վարքի մեջ փոփոխություն, նրա կարծիքով այն կենդանիները, որոնց մոտ հաճախակի են անցկացվում զբաղվածության խաղերը, բավականին ակտիվ են դարձել: Զբաղվածությունն իրականացվել է նաև առյուծների, պտավոր բորենու, կապիկների որոշ տեսակների՝ Պավիան գամադրիլի (Hamadryas Baboon) Պավիան բաբուինի (Papio cynocephalus), Սովորական վարրիի (Varecia varieqata), Մակակ ռեզուսի (Macaca mulatta) մոտ:

Ավելացնենք, որ կենդանիների զբաղվածությունը և մասնագետների որակավորման բարձրացումը մասն են այն պարտադիր ծրագրերի, որոնց իրականացման դեպքում միայն կարող ենք Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի (EAZA) լիարժեք անդամ դառնալ: Ներկայումս Երևանի կենդանաբանական այգու EAZA թեկնածու-անդամ լինելը մեծ հնարավորություն է ընձեռում օգտվելու միջազգային ահռելի ցանցից և մեծ գիտելիքներ ստանալու տարբեր բնագավառներում. կենդանաբանական այգու պլանավորում և կառավարում, էնդեմիկ տեսակների պահպանում և վերարտադրում, կենդանիների կենսապայմանների բարելավում, կենդանիների զբաղվածություն, էկոլոգիական կրթության իրականացում և այլն, ինչն էլ այսօր իրականացվում է տնօրինության և աշխատակազմի կողմից:


Տեսանյութերի արխիվ


Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք