Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Video Detailed ViewՄանրամասներ

29.09.2014

Արտավանում թակարդն ընկած արջի փրկությունը


Օգոստոսի 28-ին` առավոտյան ժամը 8-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻՆ) զանգահարեցին Երեւանի կենդանաբանական այգի` խնդրելով միանալ իրենց` Վայքի մոտ գտնվող Արտավան գյուղում արտասովոր փրկարարական առաքելութուն իրականացնելու: Ինչպես հայտնեցին նախարարությունից, այս հեռավոր գյուղում` գետից ոչ հեռու, վիրավոր արջ էր հայտնվել թակարդում: Վախեցած գյուղացիներն օգնության էին կանչել ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին:

Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների հիմնադրամի (FPWC) բնության պահպանության համակարգող Մանուկ Մանուկյանը Երեւանի կենդանաբանական այգու անասնաբույժ Հարություն Հովհաննիսյանի եւ FPWC-ի վայրի բնության այլ փորձագետների հետ միացան փրկարար ջոկատին:

Երբ խումբը գյուղ հասավ, պարզվեց, որ արդեն դեպքի վայր էին ժամանել Վայոց Ձորի բնապահպանական գործակալությունից, սակայն մինչ այդ պահը որեւէ գործողություն չէր ձեռնարկվել: Ակնհայտ էր, որ երիտասարդ արու գորշ արջն ընկել էր թակարդը, որն, ինչպես պարզվեց, իր բակում տեղադրել էր գյուղացիներից մեկը: Թեեւ կենդանին վիրավորվել էր, եւ բութ ձողը խոցել էր հետեւի ոտքը, նրան հաջողվել էր փախչել: Գյուղից մոտ 300 մետր հեռանալով եւ հասնելով գետին, կենդանին, վերքերից թուլացած, ընկել էր: Սակայն անգամ այդ ժամանակ որոշ գյուղացիներ հանգիստ չթողնելով կենդանուն` շարունակում էին հրահրել եւ զայրացնել նրան: Երբ փորձագետները Արտակարգ իրավիճակների նախարարության խմբի հետ միասին ժամանեցին դեպքի վայր, փակուղում հայտնված հուսահատ կենդանին արդեն ագրեսիվ էր դարձել:

Շրջապատող մարդկանց խնդրեցին լքել տարածքը, որպեսզի հանդարտեցնեն իրավիճակը եւ փչափողի օգնությամբ թմրեցնող դեղ ներարկեն վիրավոր կենդանուն: Երբ փորձագետները վերջապես հնարավորություն ունեցան ուսումնասիրելու քնած կենդանու վերքերը, պարզվեց, որ կյանքի համար խիզախորեն պայքարող երիտասարդ արջը ծուղակից ազատվելու հուսահատ փորձեր կատարելիս հասցրել էր ստանալ բազմաթիվ վերքեր` ջարդել էր ատամներից մի քանիսը եւ բոլոր ճանկերը:

Ներարկում կատարելուց եւ վերքերն ախտահանելուց հետո քնած արջը պատգարակի վրա զգուշությամբ տեղափոխվեց ավտոմեքենա, որտեղ նրան տեղավորեցին այնպես, որ անգամ շուտ արթնանալու դեպքում չկարողանա որեւէ մեկին վնասել: Շուտով կենդանուն բաց թողեցին բնակավայրերից հեռու գտնվող անտառում: Արթնանալուց հետո արջն աստիճանաբար գիտակցության գալով գնաց դեպի անտառ եւ որոշ ժամանակ անց անհետացավ տեսադաշտից:

Այս անգամ, բարեբախտաբար, երիտասարդ արջին հաջողվեց փրկվել, սակայն քանի՜ արջ կամ այլ հազվագյուտ կենդանի է Հայաստանում դառնում այդ չարաբաստիկ թակարդների զոհը. ըստ հաշվարկների, տարեկան ոչ պակաս, քան 150 արջ է սպանվում կամ հայտնվում որսագողերի թակարդում: Նրանց մի մասին վաճառում:


Տեսանյութերի արխիվ


Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք