Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

News Detailed ViewՄանրամասներ

15.06.2018

Վայրի կենդանին բացարձակ արժեք է.


Հրապարակման մեջ բերված գները մտացածին են, եթե իհարկե հեղինակը սերտորեն չի առնչվել կենդանիների վաճառքի սև շուկայի հետ

Պաշտոնական պարզաբանում՝ 
լրագրող Նարինե Կիրակոսյանի «Գոլոս Արմենի»-ի կայքում 13.06.2018թ. հրապարակած «Kот в мешке в обмен на редких животных » հոդվածի վերաբերյալ

Վերոնշյալ հոդվածի հրապարակման առնչությամբ Երևանի կենդանաբանական այգին (ԵԿԱ) պարզաբանում է՝

2014թ.–ին Երևանի կենդանաբանական այգուց Երուսաղեմի կենդանաբանական այգի է արտահանվել թվով 9 սպիտակագլուխ անգղի առանձնյակ: Վերոնշյալ անգղները այգում պահվող անգղների արդեն երրորդ սերունդն էին, այլ ոչ առաջին, ինչպես նշված է հոդվածում, բոլորը բուծված անազատ պայմաններում: ՍԻԹԵՍ թույլտվության մեջ նշված եզրույթը ենթադրում է բացառապես պարզաբանում կենդանու ծագումնաբանության վերաբերյալ, այլ խոսքով հաստատում՝ տվյալ կենդանին վերցվե՞լ է վայրի բնությունից, թե՞ բուծվել անազատության մեջ:

Հարկ է նշել, որ անգղներն արտահանվել են միմիայն Երուսաղեմի կենդանաբանական այգու և Իսրայելի Այգիների և Բնության պետական գործակալության կողմից ուղղված պաշտոնական նամակ-խնդրանքի հիման վրա (կից), որով պաշտոնապես խնդրել էին ԵԿԱ-ին ուղարկել սպիտակագլուխ անգղներ, որոնք պետք է վերաբնակեցվեին Իսրայելում և դառնային նոր ձևավորվող թռչունների պոպուլյացիայի գենետիկ ապահովողը, քանի որ վերջիններիս քանակը Իսրայելում կտրուկ անկում է ապրում: Վերոնշյալ նամակը ստորագրել են միջազգային ընկերությունների թվով 11 ներկայացուցիչներ, որոնց թվում՝ Անգղների Պահպանման Հիմնադրամը (Vulture Conservation Foundation), Իսրայելի Բնության պահպանության միության թռչնաբանական կենտրոնը, Թել Ավիվի պետական համալսարանը և նոր միայն Երուսաղեմի կենդանաբանական այգին՝ որպես անգղներ ներմուծող կազմակերպություն: Այլ խոսքով՝ անգղների արտահանումը կատարվել է մանրամասն վերլուծությունների և բացառապես Իսրայելի հանրապետությունից ներկայացված նամակի հիման վրա, որում խնդրել են նպաստել տեսակի վերականգնմանն ու հետագա գոյությանը Իսրայելի հանրապետությունում:

Հարկ ենք համարում նշել նաև, որ թե՛ ամբողջ աշխարհում, թե՛ Հայաստանում կենդանաբանական այգիների գործառույթը միայն կենդանատեսակների՝ որպես թանգարանային նմուշի ցուցադրությունը չէ (և սա ամրագրված է նաև ԵԿԱ կանոնադրության մեջ), այլ ակտիվ մասնակցությունը դաշտային և գիտական աշխատանքներին, կենդանիների քանակի ավելացումը, դրանց բուծումը (ex-situ conservation) ու վերաբնակեցումը բնության մեջ (in situ conservation), ընդ որում՝ ներդրում ունենալով ոչ միայն տեղական, այլև միջազգային բնապահպանական և առավելապես վտանգված, հազվագյուտ կենդանատեսակների պահպանման ծրագրերին: 
Այսպես օրինակ, առանց կենդանաբանական այգիների այսօր բնությունից վերացած կլինեին Պրժևալսկու վայրի ձիերը (ներկայացված Երևանի կենդանաբանական այգում), ամերիկյան բիզոնները, Դավթի եղջերուն, արաբական անտիլոպները, Ռոդրիգեսի չղջիկը, սևաոտ կզաքիսը, կապույտ կայմանները, ոսկեգույն տամարին կապիկները և այլ հազվագյուտ կենդանատեսակներ, որոնց գենետիկ ռեսուրսն այսօր պահպանվում է կենդանաբանական այգիներում և կենսաբանական բանկերում՝ անհրաժեշտության դեպքում դրանց վերաբնակեցնելու նկատառումով:

Չնայած բազմաթիվ անգամ հրապարակված Այգու հայտարարությանն առ այն, որ ներմուծված բոլոր կենդանատեսակները բացառապես ներկրվում են որպես նվիրատվություն և/կամ փոխանակում, ինչը Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացայի (EAZA) պահանջ է՝ մամուլում դեռ շարունակվում են պտտվել լուրեր գործարքների կոմերցիոն բնույթի մասին, ինչն ակնհայտ սուտ է և իրականությանը չի համապատասխանում: Ավելին՝ Երևանի կենդանաբանական այգու կենդանի հավաքածուի պլանավորմամբ արտահանվում են բացառապես այն կենդանատեսակները, որոնք. 
ա. 3-4ամսական տարիքից սկսած չեն կարող պահվել միևնույն տարածքում ծնողների հետ՝ ելնելով իրենց կենսաբանականան առանձնահատկություններից և ազատավանդակի մեծությունից (օրինակ՝ կատվազգիները, այդ թվում՝ հոդվածում նշված լուսանն ու եղեգնակատուները)
բ. առկա է այդ կենդանատեսակների ակնհայտ ավելցուկ ցուցադրության համար (ինչպես օրինակ՝ եղեգնակատուների դեպքում)
գ. կենդանիների ավելցուկը խնդիրներ է ստեղծում տվյալ տեսակի հետագա բազմացման համար նույն տարածքում (ներտեսակային պայքար) և/կամ կարող է առաջացնել ներտեսակային խաչասերման խնդիր (իմբրիդինգ) 
Մասնավորապես թվով 9 թև անգղները արտահանվել են՝ պահպանելով բուծվող զույգերին անհրաժեշտ քանակ: Այժմ Այգում կա 24 թև անգղ (12 զույգ):

Անգղների զույգերը, որոնք մինչև 2015թ. պահվում էին 150քմ տարածքում, ձվադրելուց հետո կոտրում էին ձվերը և/կամ կենսունակ չէին (փուչ), ինչը հետևանք էր տեսակի սեռատարիքային կազմի ավելցուկի, ներտեսակային կռիվների և դրանից առաջացած հոգեֆիզիոլոգիական խեղումների. Երևանի կենդանաբանական այգու մասնագետներից բացի, այս պնդումը կարող են հավաստել նաև թե՛ տեղացի, թե՛ միջազգային առաջատար թռչնաբանները, այդ թվում՝ Կարեն Աղաբաբյանը:

2014թ. Երուսաղեմի կենդանաբանական այգու հետ կնքված Համագործակցության Հուշագրի հիման վրա Երևանի կենդանաբանական այգին Երուսաղեմի կենդանաբանական այգուց 2015թ.-ին ստացել է թվով 5 կատվային լեմուրներ, 2018թ.–ին ստանալու է ՝ թվով 3 պեկարի (Pecary tajacu), 2 ագուտի (Dasyprocta azarae), 4 դաշտային շնիկ (Cynomys ludovicianus), ինչպես նաև ցանկացած այլ էկզոտիկ կենդանատեսակներ(ըստ պահանջի) ու մասնագիտական խորհրդատվություն:

Բացի Երուսաղեմի կենդանաբանական այգու հետ համագործակցությունից Երևանի կենդանաբանական այգին այսօր համագործակցում է եվրոպական և եվրասիական բազմաթիվ կենդանաբանական այգիների հետ և ըստ պահանջի ու կենդանի հավաքածուի պլանավորման անհրաժեշտության կարող է ներմուծել ցանկացած կենդանատեսակ առանց նախապայմանի՝ ընձառյուծից մինչև ընձուղտ՝ կենսապայմանների ապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ունենալու դեպքում:

Վերոնշյալ փոխանակումը երբևէ գաղտնի չի պահվել ԵԿԱ այցելուներից, լրագրողներից և/կամ լիազոր մարմիններից, և ԵԿԱ աշխատակիցների կողմից մատուցվել է որպես բաց տեղեկություն այգու էքսկուրսիաների և այցերի ընթացքում:

Հաջորդիվ՝ 
թվով 4 եղեգնակատուները փոխանակվել են Մոլդովայի հանրապետության Քիշնևի կենդանաբանական այգու թվով 5 կարմրավիզ կենգուրուների հետ, որոնք Կենդանաբանական այգու կենդանի հավաքածուի մեջ նույնպես երբևէ չեն ցուցադրվել: 
Վերոնշյալ եղեգնակատուների ծնողները ԵԿԱ-ում ծնված կենդանիներ են, որոնք ներկայումս, ի լրումն 2016թ. ծնված 4 ձագերի, 2018թ.–ին ունեցել են ևս 4 ձագեր և շարունակում են հաջողությամբ բազմանալ: 
Թվով 1 եվրասիական լուսանը նույնպես ԵԿԱ-ում ծնված 2 լուսանների սերունդն է, որը ելնելով կատվազգիներին բնորոշ առանձնահատկությունից, չի կարող պահվել իր ծնողների հետ`պայմանավորված ներտեսակային կռիվներով, իմբրիդինգի վտանգով և հրամայական է ծնողներից առանձնացնելը: Թվով 1 մեկ լուսանը փոխանակվելու է Թբիլիսիի կենդանաբանական այգու թվով 3 գորշ գայլերի հետ:

Երևանի կենդանաբանական այգին ևս մեկ անգամ հարկ է համարում նշել, որ քաղաքակիրթ աշխարհում և առավելապես բնական գիտությունների ոլորտում գոյություն չունի կենդանու գնի որոշման և/կամ տնտեսագիտական գնագոյացման մեխանիզմ: Վայրի կենդանին համարվում է բացարձակ արժեք և գների մասին հրապարակումները բացառապես մտացածին են, եթե իհարկե հրապարակման հեղինակը սերտորեն չի առնչվել կենդանիների վաճառքի սև շուկային. այդ գները կարող են իմանալ (կամ որոշել) կենդանիների թրաֆիքինգով զբաղվող անձինք, որոնց գործողությունները բնույթով հաճախ հավասարազոր են թմրանյութերի առևտրին և/կամ մարդկանց թրաֆիքինգին և ենթադրում են կոնկրետ պատիժ: Վայրի կենդանին որպես բացարձակ արժեք ընկալելու դրույթը նաև Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների միջազգային ասոցիացիայի գործունեության հիմնաքարն է, որի թեկնածու անդամ է Երևանի կենդանաբանական այգին:

Այդ իսկ պատճառով սկսած 2011թ.-ից Կենդանաբանական այգին բացառել է վայրի կենդանատեսակների առուվաճառքը (բացառությամբ գիտական ուսումնասիրությունների նպատակով տարբեր գիտական կենտրոնների լաբորատորիաներին տրամադրվող նմուշների (դրանք հիմնականում մանր կրծողներ են), որոնց հետ գործարքները արվում են բացառապես հաշվի առնելով ԵԿԱ և մյուս կողմի կանոնադրական նպատակները) և կենդանիներ ներմուծելիս/արտահանելիս առաջնորդվում է բացառապես նվիրատվության և/կամ փոխանակության սկզբունքով՝ հիմնվելով կենդանի հավաքածուի պլանավորման վրա, որը, անկախ նեղ մասնագիտական ուղղվածությունից, երբևէ գաղտնի չի պահվել լրագրողներից և կարող էր ցպահանջ տրամադրվել:

Հավելենք նաև, որ լրագրող Նարինե Կիրակոսյանը կենդանատեսակների արտահանման տվյալներ ստանալու խնդրանքով որևէ անգամ չի դիմել Երևանի կենդանաբանական այգուն, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ հոդվածում ներկայացված տվյալները մտացածին են: Ի դեպ, մտացածին է նաև հոդվածում բերված այն պնդումը, թե «բոլորովին վերջերս տուբերկուլոզից «զոհվել են»(ըստ հեղինակի) մի քանի թռչուններ», որի մասին տեղեկատվությունը Այգում իբր թաքուն է պահվել (совсем недавно погибло несколько птиц от туберкулеза, а информацию об этом утаили).

Ինչ վերաբերում է ԵԿԱ-ից «Ուրցաձոր» գառնանգղ ուղարկելու մասին Երևանի քաղաքապետարանի թույլտվություն տված չլինելուն. այստեղ թերևս կրկին գործ ունենք լրագրողի անփութության հետ (չենք ցանկանում դա դիտարկել որպես դիտավորություն): Քաղաքապետարան ուղարկված հարցման մեջ նշված է եղել ոչ թե գառնանգղ, այլ գիշանգղ (հիմք՝ լրագրողի էլ. փոստից ստացված հարցումը, որն ուղարկվել է press@yerevan.am-ին 02.06.2018 թ.-ին). իսկ գիշանգղ ԵԿԱ-ն «Ուրցաձոր» երբևէ չի ուղարկել, այնպես որ՝ քաղաքապետարանից լրագրողը իսկապես ստացել է ճիշտ պատասխան: 
Եղել է թույլտվություն (Երևանի քաղաքապետի որոշում N2524-Ա), ըստ որի ԵԿԱ-ին թույլատրվել է կատարել գառնանգղերի փոխանակություն Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ:

Ավելացնենք, որ 2011թ-ից առ այսօր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, լինելով ԵԱԶԱ-ի և Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) լիիրավ անդամ, աջակցել է Երևանի կենդանաբանական այգուն՝ կատարելով ավելի քան 200մլ դրամ ներդրում ֆինանսական և բնամթերային տեսքով՝ նպաստելով էկո-կրթության զարգացմանն ու ապահովելով անհրաժեշտ կապը վայրի բնության ծրագրերի հետ:

 

 

Հոդվածում լրագրողը նմանատիպ անհիմն և իրականության հետ առնչություն չունեցող էլի մի քանի պնդումներ է արել, որոնց նույնիսկ հարկ չենք համարում անդրադառնալ:



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք