Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

News Detailed ViewՄանրամասներ

02.08.2017

COAF-ի երեխաները՝ եղնիկի խնամակալ


Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) շահառու համայնքների ավելի քան 70 երեխա հուլիսի 18-ից 21-ն առաջին անգամ այցելեց Երևանի կենդանաբանական այգի։

Հիմնադրամի «Աջակցություն խոսքի դժվարություններ ունեցող երեխաներին» ծրագիրը լոգոպեդական ծառայություն է մատուցում Արմավիրի և Արագածոտնի մարզերի գյուղական համայնքների ավելի քան 100 երեխայի, ովքեր խոսքի խնդիրներ ունեն:

«Լոգոպեդական աշխատանքի արդյունքում երեխաները ոչ միայն կարողանում են շտկել խոսքը, այլև ավելի հեշտ հաղորդակցվել շրջապատի հետ։ Թերապիայի տեսակներից մեկն էլ հենց կենդանիների հետ շփումն է»,- ասում է COAF-ի խոսքի դժվարություններ ունեցող երեխաների աջակցության ենթածրագրի համակարգող Մարուսյա Բազինյանը։

Այգու փոքրիկ այցելուներն ականատես եղան, թե ինչպես են լվանում գետաձիու ատամները, հնարավորություն ունեցան շոյելու մեծ ու խաղաղ օձին, անչափ զվարճացան՝ տեսնելով սառը ջրի շիթերի ներքո զովացող փղիկին. «Փղիկը, իրոք որ, շատ մեծ է»,- հիացան երեխաները։

Սակայն նրանց համար անմոռանալին եղավ եղնիկներին սեփական ձեռքերով կերակրելը։ Հենաշարժողական խնդիրներ ունեցող Մարիամը, հուզված եղնիկների հետ անմիջական շփումից, ելավ սայլակից, վերցրեց խնձորն ու սկսեց զրուցել իրեն ընկերացած եղնիկի հետ։  

Երեխաների խնդրանքով՝ իրենք դարձան եվրոպական եղնիկների ձագուկներից մեկի խնամակալները և առաջիկայում անուն են կնքելու իրենց նոր բարեկամին։ Այգու տնօրենը երեխաներին հանձնեց խնամակալության վկայականը։

«Մեզ համար կարևոր է ոչ միայն երեխաների այցը այգի, նրանց շփումը, սերն ու հոգատարությունը այգու բնակիչների հանդեպ, այլև գիտելիքը, որ տանելու են իրենց հետ»,- նշեց Երևանի կենդանաբանական այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մանե Մադոյանը։

Հյուրընկալները հետաքրքիր խաղեր ու զբաղմունք էին պատրաստել մարզաբնակ փոքրիկների համար։ Վարպետ Սուրենի հետ երեխաների մի խումբ թռչնի բույն կառուցեց, մեկ ուրիշ խումբ փորձեց վիկտորինաների միջոցով ցուցադրել կենդանիների մասին իր գիտելիքները, ոմանք էլ, ոգեշնչված այցից ու տպավորությունից, որոշեցին փոքրիկ պատմվածքներ գրել իրենց տեսած կենդանիների մասին։

Հիմնադրամի երեխայի և ընտանիքի աջակցության ծրագրի ղեկավար Լուսինե Սաղումյանը մեծապես կարևորում է Կենդանաբանական այգու հետ համագործակցությունը. «Այն հնարավորություն է ընձեռում Հիմնադրամի շահառու երեխաներին համալրել իրենց՝ տարվա ընթացքում ստացած գիտելիքները ճանաչողական և ուսուցողական այցերով»։

Աղբյուրը՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամ-ի պաշտոնական կայք



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք