Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

News Detailed ViewՄանրամասներ

27.03.2017

Քանի՞ գրամ վարսակ է ուտում եվրոպական եղնիկը․ հաշվում են աշակերտները


Մարտի 22-ին Երևանի կենդանաբանական այգում անսովոր բացօթյա դաս էր։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտները այգի էին եկել ոչ թե կենսաբանության, այլ մաթեմատիկայի ուսուցչի ուղեկցությամբ։

 

«Կենդանիների մասին թվերի ու մաթեմատիկայի լեզվով» ձևաչափով կազմակերպված կրթաճանաչողական միջոցառման նախաձեռնողը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մաթեմատիկայի ուսուցչուհի Հասմիկ Բաբայանն է։

«Ես ուզում եմ ցույց տալ իմ աշակերտներին, որ մաթեմատիկան չի ամփոփվում դասագրքով, որ կամա, թե ակամա նրանք մաթեմատիկան իրենց հետ տանելու են կյանքի ցանկացած ոլորտ։ Իսկ այլ ոլորտների ու մաթեմաթիկայի միջև եղած կապը հաստատող առաջին դասը որոշեցի սկսել նրանց ամենասիրելի ու հաճելի վայրերից մեկից՝ Կենդանաբանական այգուց»,- նշում է Հասմիկ Բաբայանը։

Կրթահամալիրի յոթերորդ դասարանի աշակերտները նախ շրջեցին այգու տարածքում։ Փոքրիկները ոչ միայն ծանոթացան այգում բնակվող կենդանիներին, այլև տեղեկացան, թե ինչքան հաճախ են աշխատակիցներն օգտագործում թվաբանության իրենց գիտելիքները կենդանիների ամենօրյա խնամքի ժամանակ։

Շրջայցի վերջում փոքրիկները հնարավորություն ստացան մաթեմատիկան և կենդանաբանկությունը համատեղելու իրենց արդեն իսկ ծանոթ ձևաչափով։ Աշակերտները առաջադրանք ստացան լուծելու փոքրիկ խնդիրներ, որտեղ ներկայացված պայմանները պետք է օգնեին նրանց հաշվարկելու թե, օրինակ, ինչքան վարսակ է անհրաժեշտ Երևնի կենդանաբանական այգում եղնիկներին ապրիլ ամսին կերակրելու համար, կամ քանի սննդատեսակ կա լամաների և գետաձիու կերացանկում և այլն։

«Տարբեր տարիքի երեխաների համար, իհարկե, տեղեկատվությունն ու խնդիրները պետք է տարբեր լինեն, սակայն համոզված եմ, որ սա կենդանիների ու նրանց սննդակարգի մասին պատմելու արդյունավետ գործիք է բոլոր դպրոցահասակ այցելուներ համար,- ասում է Երևանի կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույծ Աննա Ասատուրյանը:- Կիրառվող մաթեմատիկական գործողությունները մարզում են աշակերտների մաթեմատիկական հմտությունները, իսկ խնդրում նկարագրված պայմանները լրացուցիչ տեղեկություններ են հաղորդում այգում բնակվող կենդանիների մասին, ամրապնդում շրջայցի ժամանակ երեխաների ստացած տեղեկությունները»

Կրթահամալիրի ուսուցիչ Հասմիկ Բաբայանը համոզված է, որ սա լավ հնարավորություն է երեխաների` կենդանիների նկատմամբ ունեցած սերը դեպի մաթեմատիկա ուղղելու համար, ուստի առաջիկայում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը այգի կգա արդեն նոր խմբով։


Արխիվ


Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք