Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

News Detailed ViewՄանրամասներ

25.07.2016

Կենդանաբանական այգին` բացօթյա արվեստանոց


Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ հուլիսի 22-ին, արդեն իններորդ անգամ կազմակերպել էին «Նկարչական օր» ամենամյա միջոցառումը։ Այս տարի գունագեղ բացօթյա արվեստանոցի էր վերածվել Երևանի կենդանաբանական այգին։

 

«Այս նկարների օգնությամբ ամեն օր մասնագիտական բառապաշարով քննարկվող բնապահպանական խնդիրները գույն և բովանդակություն են ստացել` դառնալով առավել ազդեցիկ ու սթափեցնող: Բնապահպանական խնդիրների մասին պատմող այս նկարներում անսահման սեր ու լավատեսություն կա: Սրանք են ապագային ուղղված մեր «կանաչ» նախաձեռնությունների հաջողության կարևորագույն նախապայմանները»,-ասում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր, Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:

 

«Նկարչական oր» միջոցառումն իրականացվում է Համահայկական նկարչական ամենամյա մրցույթ-նախագծի շրջանակում: Այս տարի միջոցառման շրջանակում ամփոփվեցին նաև Համահայկական 7-րդ և 8-րդ մրցույթների արդյունքները: Ժյուրիի որոշմամբ պարգևատրվեցին 5-16 տարեկան 24 մասնակից:

«Այս միջոցառումը մարդկությանն ուղղված կոչ է՝ պահպանել բնությունը: Երեխաների պատկերացրած միջավայրը նման է իրենց հեքիաթների աշխարհին: Նրանք նկարում են այն՝ ինչ երազում են: Այդ աշխարհում բնությունը մարդկանց, կենդանիների և բուսական աշխարհի տունն է, որտեղ մարդը կենդանիների հաշվին չի ընդլայնում իր կենսատարածքը, չի ոչնչացնում անտառը, չի փոխում գետերի հունը… ավելին՝ խնամում և պահպանում է շրջակա միջավայրը: Վաղվա սերունդը նկարների միջոցով բարձրաձայնում է աշխարհին սպառնացող վտանգների մասին»,- ասում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համահայկական 9-րդ նկարչական մրցույթը դեռ շարունակվում է: Այս տարի առանձնացվել են հետևյալ թեմաները.․

• Եթե բնությունը խոսեր

• Բույսերին՝ կյանք, մեզ՝ թթվածին,

• Երկրագունդն առանց մեզ:

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 1-ը:

Համահայկական նկարչական 9-րդ մրցույթի արդյունքների ամփոփումը նախատեսված է իրականացնել հոկտեմբերին՝ «Արևորդի» միջազգային բնապահպանական կինոփառատոնի շրջանակում։


Արխիվ


Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք