Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

News Detailed ViewՄանրամասներ

01.06.2016

Հունիսի 1-ը Կենդանաբանական այգում


Հունիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգին դարձել էր մանկական ուրախ զվաճանքների բացօթյա մի մեծ հարթակ: Կենդանի երաժշտություն, տիկնիկային ներկայացումներ, խաղ-մրցույթներ. Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումն իրականացվում էր Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող արդեն ավանդական դարձած «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում:

Մանուկների տոնի կապակցությամբ Երևանի կենդանաբանական այգու մուտքն ազատ էր և´ փոքրերի, և´ մեծահասակների համար: Տոնական օրվա ընթացքում Այգին ընդունել է շուրջ 65000 այցելու: Հազարավոր հյուրերի թվում էր նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` իր ընտանիքի անդամենրի հետ: Նրանք մյուս հյուրերի հետ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի ուղեկցությամբ շրջեցին Այգու տարածքում՝ դառնալով ուրախ եռուզեռի անմիջական մասնակիցը:

Այգու հանրային բեմում վաղ առավոտից մեկնարկած համերգային ծրագրին մասնակցում էին Երևանի տարբեր մշակութային կենտրոնների և երաժշտական դպրոցների սաները: Փոքրիկներին դիմավորում էին սիրված մուլտհերոսները, իսկ կեսօրից համերգային ծրագրին միացավ նաև «Երևան» փողային նվագախումբը: Այգու տարբեր հատվածներում գործում էին կրթական տաղավարներ, որոնք տոնական օրվա կապակցությամբ փոքրիկ մասնակցների համար պատրաստել էին կենդանիների մասին մրցույթներ՝ թեմատիկ նվերներով: Իրականացվեց նաև արդեն ավանդական դարձած բնապահպանական էլեկտրոնային վիկտորինան, որին մասնակցում էին 12-15 տարեկան պատանիները: Մրցույթի հաղթողը` 15-ամյա Սերոժ Ղազարյանը, շահեց օրվա ամենաբնապահպանական նվերը՝ հեծանիվ:

Այգին իսկական տոն էր առաջարկում նաև նկարել սիրող այցելուներին. վագրերի ազատավանդակի հարակից տարածքը վաղ առավոտից վերածվել էր կավճանկարչության մեծ հրապարակի: Այստեղ մեծ ու փոքր այցելուները գունավոր կավիճներով կենդանական աշխարհի մասին իրենց մտորումները պատկերելու հնարավորություն էին ստացել: Այցելուներին այս գործում օգնում էին Աբովյանի պետական քոլեջի նկարչական բաժնի ուսանողները: Նույն հատվածում իրենց ադեն իսկ պատրաստի յուղանկարներն էին ցուցադրում «Դիսնեյ» արվեստի դպրոցի սաները:

Տոնական եռուզեռից հետ չէին մնացել նաև Այգու կենդանիները: Նրանց համար կազմակերպված տոնական հանրային կերակրումները հնարավորություն էին տվել վերջիններիս այցելուներին ցուցադրելու կերաբաժինը հայթայթելու իրենց բոլոր հմտությունները:


Արխիվ


Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք