Tel: xxxxx xxxxxxxxxx | Mail: info@domain.com

Departments: Read MoreSingle View Caretakers (to be substituted by the news title)

< Meet Yerevan Zoo's Caretakers (4): Department of Aqua-terrarium
27.06.2012 20:25 Age: 6 yrs

Հանդիպում կենդանիների խնամողների հետ. Ակվատեռարիումի բաժին


Ակվատեռարիումի բաժինը Երևանի կենդանաբանական այգու հիմնական բաժիններից մեկն է: Այստեղ պահվում են օձերի, մողեսների, կրիաների, ձկների լայն տեսականի. առանձնահատուկ ուշադրության են արժանի՝ Կասկավելլան կամ շառաչող օձը /Crotalusdurissus/, թույն նետող կարմիր Կոբրան /Najapallida/, մեհենագրային պիթոնը /Pythonsebae/: Անվտանգության կանոնները պահպանելու համար այս սողունները մեկուսացված են անմիջական շփումից. նրանք պահվում են հատուկ ակվարիումների մեջ:

Փորձենք մի փոքր ծանոթացնել Ձեզ Կենդանաբանական այգում պահվող օձերի հետ:  Ընդհանրապես հասուն օձերի մարմնի երկարությունը 7,5սմ-ից 12 մետր է, զանգվածը՝ 5 գրամից մինչև  200 կգ: Կյանքի տևողությունը՝ 8-ից մինչև  40 տարի: Հայաստանում  առավել հաճախ հանդիպող ամենախոշոր ու թունավոր օձերից մեկը Գյուրզան է: Գյուրզայի /Macroviperalebetina/ մարմինը հաստ է՝ 22-ից 180 սմ երկարությամբ: Արուները խոշոր են էգերից, գլուխը տարանջատված է մարմնից և ծածկված է մանր թեփուկներով: Աչքերը խոշոր են՝ սպիտակավուն ծիածանաթաղանթով, բիբը՝ էլիպսաձև, ուղղահայաց: Գլխի վերևի մակերեսն առանց նախշի է կամ մի քանի մանր սև կետիկներով: Հիմնականում սնվում է մորեխներով, մողեսներով, կրիաներով, մանր ու միջին չափի կրծողներով: Հունիսի երկրորդ կեսից օգոստոսի սկիզբը ձվադրման շրջանն է: Գյուրզան ձվադրում է  8-ից 25 ձու: Օձի այս տեսակը հանդիպում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում՝ նախալեռներում, ժայռոտ ու քարքարոտ կենսավայրերում: Փաստորեն, մարդու՝ Գյուրզայի հետ հանդիպումը բացառված չէ: Վիճակագրությունը ցույց է տալիս՝ նման հանդիպումները վերջին շրջանում ավելի հաճախակի բնույթ են կրում:

Երևանի կենդանաբանական այգու Ակվատեռարիումի բաժնի վարիչ Կարեն Մարտիրոսյանի տվյալներով,  այս տարի արդեն  գրանցվել է  մոտ 140 թունավորման դեպք, որից երկուսը` մահվան ելքով: <<Սա կապված է ոչ թե նրա հետ, որ օձերն են գազազել, այլ պարզապես մարդիկ  բնակարաններ կամ շինություն կառուցելու համար նոր տարածքներ են <<զավթում>>, այդ թվում և՝ օձերի բնակության վայրերում, հետևաբար հանդիպումները լինում են հաճախակի, նույնիսկ շատ ցավոտ: Օձերն էլ նոր տարածքների փնտրտուքով, հայտնվում են մարդկանց բնակավայրերում>>:

Կարեն Մարտիրոսյանն, ով մասնագիտությամբ կենսաբան է և սողուններով հետաքրքրված է դեռ 7 տարեկանից, արդեն 28 տարվա  աշխատանքային փորձ ունի: Աշխատանքային պրակտիկայում օձերը Կարենին հասցրել են խայթել 7 անգամ: Հիշում է ուսանողության տարիները, երբ առաջին անգամ տեսավ թույն նետող Կոբրաներին:  Տարվելով օձերով՝ կորցրել է զգոնությունն ու ցանցից հետևել Կոբրաներին, հանկարծ օձը թույնը նետել է ուղիղ Կարենի աչքերին: Հաջորդ դեպքն արդեն Հայկական Իժի (Viperaraddei) հետ է կապված: Ընկերոջ հետ Հայկական Իժի մասին ֆիլմ են նկարահանել ու այնքան են տարվել օձերով, որ չեն էլ նկատել, թե ինչպես են իժերն իրենց մոտ հավաքվել: Այդ պահին Կարենն անհանգստացել է ոչ թե իր՝ այլ ընկերոջ կյանքի համար, ով կլանված նկարահանում էր՝ չնկատելով թե ինչպես ոտքերի տակ մեծ քանակությամբ իժեր են լցվել: Որպես խորհուրդ, Կարենն առաջարկում է ծանոթանալ սողունների տեսակներին՝ տարբերելու համար թունավոր օձերին ոչ թունավորներից: Իսկ հաճախակի մարդկանց զոհ են դառնում հենց ոչ թունավոր օձերը: Կարենը հիշում է մի դեպք, երբ այդ անտեղյակությունից  տուժեց ոչ միայն օձն, այլ նաև օձի <զոհը>: <<Բերել էին մի կնոջ, ում մատը օձը կծել էր ու այն սևացել էր, ստիպված այն ամպուտացիայի էին ենթարկել: Ավելի ուշ պարզվել էր, որ իրականում ոչ թունավոր օձ էր կծել>>: Ակվատեռարիումի բաժնի վարիչը հիշեցնում է, որ օձի թույնն որսի ու պաշտպանության նույնպիսի զենք է, ինչպես գիշատիչների ժանիքներն ու ճանկերը:

 

 



Դիմե՜ք մեզ

հեռ.` +374 10 562 362

էլ.փոստ` info@yerevanzoo.am

հասցե` Հայաստան, Երևան - 0025,
Մյասնիկյանի փող., 20 շենք